Չունե՞ք տպավորություն, որ իրադարձությունները Հայաստանում… դանդաղել են: Քանի օր է` ոչ մի կաթսա ու շերեփ, ոչ մի շրջափակում ու ֆուտբոլ փողոցում: Հայաստանի ուրախ հեղափոխությունը հրապարակներից մտավ տանիքի տակ: Սքանչելի երկիր ենք` մեկ շաբաթ ունեինք համաժամանակյա 2 վարչապետ: Մեկը` պաշտոնակատար, մեկը` դեռ չընտրված: Կարեն Կարապետյանն ամեն օր աշխատանքի էր գնում ու նույնիսկ հրամանագրեր ստորագրում (հիմնականում աշխատանքից ազատում էր): Նիկոլ Փաշինյանն արդեն թիկնապահներով ու զրահամեքենայով (ու առանց Քայլոյի) շրջում էր քաղաքում, ԱԺ-ում դեսպաններ էր ընդունում ու հանդիպումներ ունենում: Դեյուրեի ու դեֆակտոյի շաբաթն այսօր ավարտվում է: Մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստը 41 պատգամավորի առաջադրումով Նիկոլ Փաշինյանին կընտրի վարչապետ: «Ելքը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կօգնեն, ՀՀԿ-ն չի խանգարի: Խոստացել են` երկրորդ շոուն անիմաստ է:
Հայաստանի անոմալ հեղափոխությունը գործող Սահմանադրությամբ ստեղծում է անոմալ իրավիճակ` թվերը հակասում են քաղաքական տրամաբանությանը: Խորհրդարանական հանրապետությունում իշխանափոխության համար պետք է խորհրդարանական մեծամասնություն փոխվի: Ընտրությունների միջոցով կամ քաղաքական ճգնաժամերից հետո, երբ խորհրդարանը չի հաստատում կառավարության ծրագիրը: ԱԺ փոքրամասնությունը վարչապետ է առաջադրում` մնալով փոքրամասնություն: Իշխանությունը նոմինալ մնում է ՀՀԿ-ն, որ ունի մեծամասնություն ԱԺ-ում և հասկանալի չէ դեֆակտո իշխանությու՞ն է, թե՞ ընդդիմություն: Կան իրավիճակ փոխելու տարբերակներ.
1. «Ելքը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կազմում են կոալիցիա. նրանց են միանում մի քանի պատգամավորներ ՀՀԿ-ից` փոխելով ՀՀԿ-ի թվային գերազանցության պատկերը: Այդ դեպքում ՀՀԿ-ն լինում է փոքրամասնություն ու լիովին ինքնահաստատվում ընդդիմադիրի դերի մեջ, որի մասին արդեն տարբեր ՀՀԿ-ականներ հայտարարել են:
2. «Ելքը» պաշտոնապես ձևավորում է փոքրամասնության կառավարություն, դեյուրե իշխանություն մնում է ՀՀԿ-ն:
Թե առաջին, թե երկրորդ տարբերակներն ունեն առավելություններ ու վտանգներ: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հրապարակավ հայտարարում են, որ պորտֆելներ չեն ակնկալում, բացառապես համաժողովրդական շահով են առաջնորդվել՝ միանալով Նիկոլ Փաշինյանի քայլին: ԲՀԿ պատգամավորներն «անկեղծորեն» համոզված են, որ իրենք մայիսի 2-ին իրավիճակ են փոխել և միայն Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ՀՀԿ-ն «հանձնվեց»:
Այսինքն` Հանրապետության բազմահազարանոց հրապարակը գործոն չէր, գործոնը քաղաքական պայմանավորվածությունն է` հակառակ նրան, ինչ էր ասում Գագիկ Ծառուկյանը «Արմենիա-Մարիոթում» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Որքան էլ տարօրինակ է, բոլորն էլ ճիշտ են` Գագիկ Ծառուկյանին պաշտոն պետք չէ, կուսակիցներին պետք է: Չի բացառվում, որ կուլիսային հանդիպումներում արդեն քննարկվում է քանի՞ պորտֆել Նիկոլից կպոկեն` իզուր չեն ՀՀԿ-ից պոկվել: Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն են պետք վերջին պահին հեղափոխության գնացքը ցատկածները: Եվ պետք են, և պետք չեն: Պետք են խորհրդարանում, պետք չեն փողոցում: Փողոցը կարող է չներել տարափոխիկ «հեղափոխականների» ու կեղծ ընդդիմության հետ համագործակցությունը: Փողոցը շիտակ է ու պարզ` քաղաքական հաշվարկները, օրենսդրական զիգզագներն ու կուլիսային պայմանավորվածությունները կարող է դավաճանություն ընկալել ու համարժեք արձագանքել: Ի վերջո` ցանկացած քայլ հիմա պիտի կատարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկով: Ընտրություններ, որ կոչված են դառնալ պատմական, բայց կարող են և չդառնալ: Հայաստանի նախորդ սահմանադրությունները անգամ պետության ամենաճակատագրական պահերին կարողացել են լուծումներ ապահովել:
Երրորդ Սահմանադրության բախտը չբերեց` առաջին իսկ փորձության պահին երկիրը հայտնվեց սահմանադրական ու քաղաքական ճգնաժամում: Սահմանադրությունը` Սահմանադրություն, փորձաքար է դառնալու և Ընտրական օրենսգիրքը: Գործող օրենսգիրքը իր ռեյտինգային ընտրակարգով փաստացի ոչ թե համամասնական, այլ մեծամասնական է դարձնում ընտրությունը: Տրամաբանական է, որ եթե ոչինչ չփոխվի, և ՀՀԿ-ն (անսալով միասնական մնալու ՀՀԿ նախագահի հորդոր-պահանջին) պահպանի մեծամասնությունը, դեմ է քվեարկելու ԸՕ-ի փոփոխությանը, որ այնպես փառաբանում ու գովազդում էր 2017-ի ընտրություններից առաջ, իսկ 2018-ին կարող է ռևանշի շանս տալ: Սահմանադրական օրենքները փոփոխելու համար պետք է խորհրդարանի 3/5-ի` 65 պատգամավորի ձայնը: Ընտրությունների գնալ գործող օրենսգրքով ու գործող ԿԸՀ-ով թեթևամտության գագաթնակետն է նույնիսկ հայկական ուրախ հեղափոխության համար: Ընդհանրապես` ինչու՞ պիտի ՀՀԿ-ն հետայսու (իբրև ընդդիմություն, բայց մեծամասնություն) կողմ քվեարկի իշխանության (պաշտոնապես` փոքրամասնության) առաջարկներին: Վեցերորդ գումարման ԱԺ-ն ևս, ինչպես Սահմանադրությունը, կուտ է գնում, ու գլխավոր հարցը դառնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները` ժամկետով, ընտրակարգով, քաղաքական ուժերի մասնակցությամբ (առանձի՞ն, թե՞ դաշինքով), այդ պահին ժողովրդի տրամադրվածությամբ, երկրի ներքին ու արտաքին խնդիրներով, ինտրիգներով ու միշտ հնարավոր անակնկալներով: Հետընտրական գործընթացները կանխելու կարևոր նախապայման է, որ ընտրություններին պատրաստ լինեն մասնակից բոլոր քաղաքական ուժերը: Դա նաև ներքին ու արտաքին լեգիտիմության ապահովման հարց է, որ 1999-ի ԱԺ ընտրություններից հետո միշտ խնդրահարույց է եղել: Նոր ընտրությունների համար անհրաժեշտ է գործող խորհրդարանի լուծարումը: Սահմանադրությամբ եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, չի հաստատում կառավարության ծրագիրը, լուծարվում է: Եթե խնդիր դրվի համաժողովրդական ալիքը չկորցնելն ու արագ ընտրություններ անելը, Նիկոլ Փաշինյանը կարող է կառավարության ծրագիր չներկայացնել, որ հակառակ է օրենսդրական փոփոխություններից ու նոր ԿԸՀ-ի կազմավորումից, ընտրահանձնաժողովները վերակազմավորելուց հետո ընտրությունների գնալու խելամիտ տարբերակին: Եթե վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացնի կառավարության ծրագիր և ստանա խորհրդարանի հավանությունը, արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը վերանում է: Եթե փոքրամասնության կառավարությունը ԱԺ բերի օրենքներ, որ ՀՀԿ մեծամասնությունը կձախողի` անհնար դարձնելով կառավարության գործունեությունը, կառավարությունը հրաժարական կտա, բայց դա հանգեցնում է նոր վարչապետի ընտրության, ոչ թե արտահերթ ընտրությունների։ ԱԺ-ն կրկին պետք է ընտրի նոր վարչապետ։ Բոլորովին փաստ չէ, թե ով կառաջադրվի ու ով կընտրվի: Եվ ընդհանրապես՝ ով քայլ կանի ու դեպի ուր: Հայերը հնարամիտ ժողովուրդ են և ամեն ինչ անում են ոչ թե օրենքներով, այլ ինչպես հարմար է` հրապարակային քաղաքականության անքակտելի մասն են պայմանավորվածությունները, որոնցով թե օրենքները, թե Սահմանադրությունը կարող են փոխվել:
Այսօր Նիկոլ Փաշինյանը կընտրվի ու անհապաղ կնշանակվի վարչապետ, և նրա դեմ դեֆակտո ու դեյուրե սկսելու է գործել հակահեղափոխությունը: Մի քանի շաբաթ շարունակ «Նիկոլ վարչապետ» բացականչողներն ակնկալում են արագ փոփոխություններ, նրանք հեղափոխություն չեն արել, որ շարունակեն հին կյանքով ապրել: Արագ փոփոխություններ չեն լինելու: Համակարգային փոփոխությունները ժամանակ են պահանջում: Փաստ չէ, որ ՀՀԿ-ն չի դիմադրելու ոչ միայն ԱԺ-ում, այլև կառավարման համակարգի ողջ ներուժով, միանգամից չի հաջողվի ազատվել փոքր ու մեծ սաբոտաժների, սադրանքների ունակ ու տրամադիր կադրերից` հեղափոխության «զոհերը» փորձելու են ինքնապահպանվել, դա հակիրճ կոչվում է հակահեղափոխություն: Այսինքն` մենք պերմանենտ հայտնվելու ենք փակ փողոցների ու շրջափակումների, դասադուլների ու գործադուլների շրջապտույտում, երբ նորից խորհրդարանը լինելու է Հանրապետության հրապարակի ճնշման տակ:
Իսկ մինչ այդ Հայաստանը պետք է ունենա կառավարություն: Երիտասարդ արվեստագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա կառավարության կազմի մի քանի տարբերակ: Ո՞րը կիրագործվի` կախված է քաղաքական իրավիճակից: Հարցին` ո՞ր կուսակցություններից կլինեն նախարարները, պատասխանել է, որ կարձանագրեն քաղաքական իրավիճակը և դրա վրա հենվելով կփորձեն ձևավորել համաձայնության կառավարություն: Արտահերթ ընտրությունների հնարավորության մասին խոսելով՝ նույնն է ասել` իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա՝ դարձյալ քաղաքական իրավիճակից կախված: «Իմ վարչապետ ընտրվելու պարագայում այն պահին, երբ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ՝ ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություն անցկացնելու համար, այո, ես հրաժարական կտամ»:
«Պահի» գնահատականները տարբեր են լինում, հետևաբար ընտրությունների ժամկետը մնում է հայկական հեղափոխության անհայտը: Ոչ միակ, բայց` էական:
Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ հակասահմանադրական որակեց պատգամավորների մանդատից հրաժարվելու պահանջը: Նա «իրավական պետության կայացման կարևորագույն պայման» է համարում պատգամավորի՝ խղճով և համոզմունքով առաջնորդվելու իրավունքը: Առաջին հայացքից խոսքը վերաբերում է Աղվան Վարդանյանի ու Գրիգոր Ավալյանի ճակատագրին, իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը, արձանագրելով, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն թքած ունեն Սահմանադրության վրա, ելք է առաջարկում քաղաքական ճգնաժամից դուրս գալու` հիմնականում ՀՀԿ պատգամավորներին: Ռիսկային: Պրագմատիկ: Ոչ բարոյական:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ինչպե՞ս պիտի քվեարկի ՀՀԿ-ն: Շրջանառվող տարբերակը` «քաղաքականները» դեմ են քվեարկում, գործարարներն ու գեներալները` կողմ, ընդամենը հաստատում է, որ ՀՀԿ-ն եղել ու մնում է աշխատանքի տեղավորման ու բիզնեսի պահպանման գրասենյակ: Փոփոխված իրավիճակը ենթադրում է նոր տեր որոնել` հանուն բիզնեսի անվտանգության: Իրականում կուսակցությունը չպետք է բաժանվի քաղաքականների կամ գործարարների, երիտասարդների կամ հնաբնակների: Դա արդեն իսկ վկայում է կուսակցության կաթվածահար վիճակը և նոր պայմաններում որոշում կայացնելու անկարողությունը: Ինչու՞ զրկել ՀՀԿ-ին փողոցը տեսնելու ու փողոցը հասկանալու շանսից, ինչու՞ արհեստական խրամատներ փորել քաղաքական ու ներկուսակցական դաշտում: Ինչպես քվեարկելուց առաջ ՀՀԿ-ն պիտի պատասխանի իր համար շատ կարևոր հարցի` ԱԺ-ում գործելու է իբրև անհաշտ ընդդիմությու՞ն ու հերթով ձախողելու՞ է կառավարության նախաձեռնությունները, մասնավորապես Ընտրական օրենսգրքի փոփոխությունը` կանխելով ռեյտինգային ընտրակարգը հանելը, որով պատրաստ են նորից առաջադրվել Նիկոլ Փաշինյանին ձայն տված գործարարները և ակներևաբար ընտրվել: ՈՒ ի՞նչ պատկեր է ունենալու ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն` ռազմաառևտրակա՞ն: Թե՞ ընտրացուցակում հայտնվելու են ժելեած մազերով, ժպտադեմ, պոլիգլոտ «երիտՀՀԿականները», որ քաղաքականությունից հասկանում են այնքան ու այնպես, ինչպես ու ինչքան հասկանում են իրենց ոչ մի խնդիր չունեցած կյանքը` տոնակատարություն, որ ընդմիջվում է ձանձրալի նիստերով ու պարտադիր քվեարկությամբ: Քաղաքական կուսակցությունը պետք է կայացնի քաղաքական որոշում, ոչ թե իրավիճակային: Եվ պետք չէ բոլոր ՀՀԿ-ականներին համարել մի սանրի կտավ, անհայրենիք ու անգաղափար: Իսկական թավշե հեղափոխությունը ՀՀԿ-ի համար կլիներ միասնական կողմ քվեարկելը: Ի վերջո նրանք ձայն են տալիս ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ում չեն հավատում, չեն վստահում, այլ իրենց ժողովրդին: Ժողովրդին դեմ գնալը Սահմանադրությանը դեմ գնալ է, որտեղ արձանագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ընտրությունը մեկն է` տեսնել ու լսել սեփական ընտրազանգվածին, կամ ձեռքի ափով փակել նավի ճեղքը ու հայտարարել, որ ծովը ծնկից է: